‹‹Այս գիրքը չի′ կորել››

Posted on Հոկտեմբերի 17, 2011. Filed under: Հասարակություն, Կրթություն | Պիտակներ՝ , |

‹‹Կարդացի՞ր` փոխանցիր մեկ ուրիշին››: Արդեն 5 ամիս է այս կարագախոսը հրավիրում է հայերին գիրք կարդալու ու կիսվելու տպավորություններով` որպես հիմնական կապի միջոց ունենալով Facebook սոցիալական կայքը: Բայց այս անգամ մոտեցումն ավելի զվարճալի է,  քան կարելի էր պատկերացնել:

Ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Հորնբեկերը առաջինն էր, որ ձեռնարկեց ու իրագործեց գրքերի ազատագրումը մութ գրապահարաններից և կազմակերպեց նրանց ազատ շրջագայությունը աշխարհով մեկ, ձեռքից ձեռք:  «Ինչու՞ թողնել, որ գիրքը փոշու մեջ կորի, եթե այդ ամբողջ ընթացքում այն կարող էր օգտակար լինել ինչ-որ մեկին…»,- մտածեց նա և  2001թ.-ին սկսեց «BookCrossing»-ը, նույն ինքը`«գրքերի ազատում» շարժումը:

«Ի՞նչ իմաստ ունի գրքեր գնել, դրանք մեկ-երկու անգամ կարդալ, իսկ հետո դնել դարակի մեջ ու տարիներով մոռանալ նրանց գոյության մասին` դատապարտելով փոշոտ ու անպետք կյանքի, եթե դրանք կարող են օգուտ տալ որևէ մեկին, գուցե և փոխել ինչ-որ մեկի կյանքը››,- ասում է արդեն Հայաստանում գործող “BookCrossingArmenia” խմբի մասնակից  ընթերցասերներ Էլենը:

Խումբը բացվել է facebook սոցիալական կայքում, ԵՊԲՀ-ի բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Արման Ղազարյանի և Ինեսսա Սաղեյանի շնորհիվ, ովքեր և 2011թ. հունիսի 1-ից դարձան Հայաստանում այս շարժման հիմնադիրները:  Հենց այս ֆեյսբուքյան էջում է այժմ տեղի ունենում մասնակիցների շփումը , կարծիքների և տպավորություննրի փոխանակումը:

«BookCrossing»-ի գաղափարը հետևյալն է. նախապես գրանցելով համապատասխան կայքում կամ էջում`մարդիկ «մոռանում են» իրենց կարդացած գրքերը զբոսայգիներում, սրճարաններում կամ այլ հասարակական վայրերում: «Կորցրած» գիրքը գտնում է մեկ այլ մարդ, որն էլ իր հերթին նույն ձևով «ազատվում» է գրքից այն կարդալուց հետո, և այդպես շարունակ գիրքը մեկնում է մի երկար շրջագայության: Եթե որոշել եք ձեր սեփական գիրքն ուղարկել ճամփորդության, նախ հարկավոր է գրքի վրա կպցնել հետևյալ գրությունը. «այս գիրքը չի կորել», գրանցել այն “BookCrossingArmenia” էջում և հիշեցնել ձեր գրքի նոր տիրոջը, որ ինքն էլ փոխանցի այն մեկ ուրիշներին: Ցանկության դեպքում կարելի է նաև տարբերանշանը, գրությունները վերցնել BookCrossing Armenia-ի ընկեր-սրճարաններից (օրինակ ArtBridge Bookstore Cafe, Il Solo Gelato) և փակցնել գրքին: Այնուհետև գիրքը թողնում եք այն հասարակական վայրում, որտեղ կցանկանաք (զբոսայգի, սրճարան, մետրոյի կայարան և այլն):

 Էջի օգնությամբ մասնակիցները հնարավորություն ունեն հետևելու յուրաքանչյուր գրքի «պատմությանը». թե ում կոմից է ազատվել տվյալ գիրքը, ով է կարդացել այն, քանի որ գիրքը “բաց թողնելուց” առաջ՝ BookCrossing էջում տեղադրվում է գրքի նկարը, հեղինակը, անվանումը, բովանդակության մասին կարճ ակնարկ, կարծիք և տպավորություններ տվյալ գրքից:

Այսօր “BookCrossing Armenia” էջն ունի մոտ 1000 անդամ և այս թիվը գնալով աճում է, ինչը հավատացնում է, որ Երևանը իրոք արժանի է 2012թ. լինելու գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Սակայն “BookCrossing”-ը միակ էջը չէ, որ հետապնդում է ընթերցանությունը խթանելու նպատակը: Ֆեյսբուքում գործում են նաև “BookADVISER”,  “Es hima kardum em(ես հիմա կարդում եմ)”, “ԳՐՔԵՐ, որ պետք է կարդալ”, “Granish Literary Foundation” և շատ այլ էջեր, որոնք միավորում են ընթերցասերներին:

Տաթևիկ Շահնազարյան

Advertisements
Read Full Post | Make a Comment ( None so far )

Liked it here?
Why not try sites on the blogroll...